Կիրակի օրը ռուսաստանցիները նոր Պետդումա ընտրեցին, իրադարձության նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէր: Դա կապված է նախագահ Վլադիմիր Պուտինի ընկալման հետ, որ քաղաքականություն է թելադրում և տանը, և դրսում՝ կարևոր որոշումները հայտարարելով առանց հրապարակային քննարկման, որ իշխանության մնացած բոլոր ինստիտուտների նշանակությունը ոչնչացնում է՝ Frankfurter Allgemeine-ում գրում է Ֆրիդրիխ Շմիդտը:
Կադրային վերջին փոփոխությունները ցույց են տալիս, որ բարձր պաշտոններում ավելի քիչ են մնում մարդիկ, որ Պուտինի հետ կապված են ընդհանուր անցյալով: Երկար ժամանակ անձեռնմխելի համարված մարդկանց փոխարինում են ենթակաները, որ տարածված տեսակետով իրենց կարիերայի համար պարտական են միայն Պուտինին: Նրանցից շատերը հատուկ ծառայություններից են, հետևաբար՝ Պուտինը ավելի քիչ է քննադատություն լսելու:
Սկիզբը դրվեց 2015-ի օգոստոսին՝ Վլադիմիր Յակունինի՝ «Լճակ» ամառանոցային կոոպերատիվից Պուտինի ծանոթ, «Ռուսական երկաթուղիների» բազմամյա ղեկավարի, հրաժարականով: Համակարգի հաջորդ բարձրաստիճան ներկայացուցիչը, որ կկորցնի պաշտոնը, հավանաբար կլինի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Թերթերը գրում են, որ նա կհեռանա Դումայի ընտրություններից հետո: Բայց ամենակարևոր կադրային որոշումը Պուտինն ընդունեց մեկ ամիս առաջ՝ փոխելով իր աշխատակազմի ղեկավարին, որը զբաղվում է ներքին ու արտաքին քաղաքականությամբ, կարգավորում է նախագահի շփումները և այդքանով կառավարությունից, Պետդումայից ու արդարադատությունից վեր է կանգնած: Հեռուստատեսությամբ Պուտինը հայտարարեց, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Իվանովը կդառնա շրջակա միջավայրի ու տրանսպորտի հարցերով իր հատուկ ներկայացուցիչը: Դա ոչ միայն սերնդափոխություն է (63-ամյա Իվանովին փոխարինեց 44-ամյա Վայնոն), այլև գործընկերների հրաժեշտ, որ միասին սկսել էին հատուկ ծառայություններում ու երկար ժամանակ սերտ կապված էին միմյանց: Շատ պաշտոններում Պուտինը հիմա նշանակում է հատուկ ծառայությունների աշխատակիցների: Հուլիսի վերջին անսպասելի փոխվեցին երեք նահանգապետներ և Մաքսային ծառայության պետը: Տուլայի, Կալինինգրադի ու Յարոսլավլի նահանգապետեր նշանակվեցին Պուտինի նախկին թիկնապահները: Անձնական չեզոքությունից բացի՝ Պուտինը սպասում է, որ դաշնային սուբյեկտների նոր ղեկավարները ավելի կոշտ կգործեն սոցիալական բողոքների աճի դեպքում: Պարզ չէ նաև, թե Պուտինը ինչպես է տեսնում իր չորրորդ ժամկետը նախագահի պաշտոնում:
Ֆրիդրիխ ՇՄԻԴՏ, Frankfurter Allgemeine
Հ.Գ. Իսկ Պետդումայում՝ ինչպես Պետդումայում, ընտրությունները չփոխեցին ոչինչ՝ նույն չորս կուսակցությունները մտան խորհրդարան, ուղղակի «Միասնական Ռուսաստանը» հիմա ունի սահմանադրական մեծամասնություն, ի տարբերություն անցած ընտրությունների, բայց դա հազիվ թե էական տարբերություն է: Միևնույն է՝ բոլոր կուսակցություններն էլ քվեարկում են այնպես, ինչպես պետք է Կրեմլին: Ավելին՝ ընտրողներն են ընտրում այնպես, ինչպես պետք է Պուտինին, իսկ եթե չեն ուզում այդպես ընտրել, մնում են տանը ընտրությունների օրը, և համարվում է, որ Ռուսաստանում գրանցվում է ընտրություններին մասնակցության թվի եվրոպական մակարդակ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ